ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն առնվազն եւս 5 օր կմնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը: Նա նշեց, որ Հայրիկյանի առողջական վիճակը բավարար է, աջ ձեռքի ցավերը մեղմելու նպատակով վերականգնողական բուժումը եւ ֆիզիոթերապեֆտիկ միջոցառումները, մերսումները շարունակվում են:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նշեց, որ իրեն նորմալ է զգում եւ առայժմ հիվանդանոցում է: Նա չցանկացավ գնահատական տալ Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալուն, նշելով, որ իր իրազեկության այս աստիճանով չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել: Նա միայն շեշտեց, որ երբ հնարավորություն է տրվում հրապարակավ խոսելու, ինքը մեծ հաճույքով խոսում է, ինչպես դա եղավ միասնական թեկնածու ձեավորելու դեպքում:
«Եթե Սերժ Սարգսյանն առաջարկում է խոսել լրագրողների ներկայությամբ, ես կարծում եմ, որ Րաֆֆին պետք է ասեր` մեծ հաճույքով: Ես տեսա, որ ինքը չուզեց, բայց ինքը գիտի, թե ինքն ինչ է անում, դա հրապարակային գործելաոճին չի համապատասխանում»,- նշեց նախագահի թեկնածուն` հավելելով, որ նախագահի հետ հանդիպման գնալը եւ մնացած հարցերը տասներորդական են:
Հարցին, թե կմիանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, թե` ոչ, նա նշեց, որ մի շաբաթ է` դուրս չի գալիս հիվանդանոցից, իսկ երբ անհրաժեշտ է եղել դուրս գալ, դա արել է շատ ցավազրկողներ օգտագործելով, որը վնասակար է առողջությանը:
«Այն ժամանակ ես գնում էի, որ ահաբեկիչները շատ չուրախանային, որ Հայրիկյանին շարքից հանեցին եւ ձախողվածի տպավորություն չթողնեի, բայց իրականում քարոզարշավ չէի էլ անում, ի վիճակի չէի, այնտեղ ուրիշ նպատակ կար»,- ասաց նա:
Հիշեցնենք որ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը նշել էր, որ Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձեւաչափը մշտապես սահմանվում է կանխավ::«Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձեւաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահի անձնական օպերատորների եւ պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձեւաչափի մասին, ինչը եւ իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում եւ մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»:




























