Նախկին եւ ներկա դատապարտյալ, «Մետաքս» տաքսի ծառայության վարորդ 49-ամյա Աշոտ Ղազարյանը դեռեւս կալանավայրում սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Աննա Մ.-ի հետ, իսկ ազատ արձակվելուց հետո ապրել են համատեղ կյանքով: Սակայն, երբ Աննան գնացել է Ռուսաստան եւ վերադառնալուց հետո հայտնել, որ այլեւս միասին լինել չեն կարող, Աշոտը նրան բռնի ուժով զրկել է ազատությունից: Էրեբունի եւ Նուբարաշեն համյանքերի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն` «Մետաքս» տաքսի ծառայության վարորդ 49-ամյա Աշոտ Ղազարյանը, ով նախկինում հինգ անգամ դատվել է, Երեւանի Բուռնազյան փողոցի իրենց տանը բռնության գործադրմամբ Աննա Մ.-ի կամքին հակառակ զրկել է վերջինիս ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:
Տուժող` Աննա Մ-ն հայտնել է, որ 2011թ. սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Աշոտ Ղազարյանի հետ, իսկ վերջինիս պատժից ազատվելուց հետո համատեղ փաստացի ամուսնական հաշտ եւ համերաշխ կյանք են վարել։ 2012թ. հունիսին, գոյացած գումարային պարտքերը մարելու նպատակով մեկնել է Մախաչկալա քաղաք` արտագնա աշխատանքի։ Այդ ընթացքում Աննան ծանոթացել է Գրիգորի Պինչուկի հետ եւ Աշոտ Ղազարյանին հեռախոսով հայտնել է, որ հեռանում է նրանից։
Այնուհետեւ, երբ սեպտեմբերին վերադարձել է Հայաստան, հանդիպել է Աշոտ Ղազարյանի հետ եւ հայտնել, որ այլեւս նրա հետ ապրել չի ցանկանում, սակայն վերջինս հրաժարվել է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ ու հեռախոսազանգերով շարունակ անհանգստացրել է նրան։
Աշոտը խնդրել է հանդիպել եւ պարզել հարաբերությունները եւ Աննան համաձայնել է այցելել նրա տուն: Զրույցն անարդյունավետ համարելով, կինը մոտեցել է դռանը եւ ցանկացել է գնալ, սակայն Աշոտ Ղազարյանը վրա պրծնելով ու իրեն մեջքից բռնելով դռնից հետ է մղել ու սկսել է ձեռքերով հարվածներ հասցնել գլխի եւ պարանոցի շրջանին։
Իմանալով, որ Աննա Մ-ի հարազատները ոստիկանությունում են, Աշոտը պահանջել է զանգահարել եւ մորը հայտնել է, որ իր մոտ ամեն բան կարգին է ու խնդրել է ոստիկանություն չհայտնել:
Ի վերջո, Աննա Մ-ն Աշոտ Ղազարյանին կարողանում է համոզել, որ իրեն տուն տանի, պայմանով, որ ժամը 23-ին կգա իր հետեւից։ Տանը մի փոքր հանգստանալուց հետո Աննան գնացել է ոստիկանություն եւ կատարվածի մասին հաղորդում տվել։
Քննելով գործը փետրվարի 14-ին դատարանը վճռել է Աշոտ Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի 9 ամիս ժամկետով։



























