Երեկ «Ելակետ» ակումբում Լեզվի պետական տեսչության նախկին պետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար Լավրենտի Միրզոյանն անդրադարձել է մայրենի լեզվի մտահոգիչ խնդիրներին, մասնավորապես նշելով անհարկի տերմինների գործածության խնդիրը։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
««Չգիտեմ ում կողմից համացանցում թարգմանություններ են հայտնվել, օրինակ` գինեկոլոգ-կնախտաբան, ուրոլոգ-միզաբան, սեքս- հաճույքաճխտիկ եւ այլն: Եթե այսպիսի թարգմանությունների հետեւից ընկնենք, ծանր վիճակում կհայտնվի մեր լեզուն: Խնդիրն այն է, որ այսօր չի գործում նախկին տերմինաբանական կոմիտեն, որի որոշումները պարտադիր էին բոլորիս համար: Կոմիտեն այսօր մտցված է ԿԳՆ աշխատակազմի Լեզվի Պետական Տեսչության մեջ, որի ոչ մի որոշում իրավական ուժ չունի: Տարբեր բառեր ենք գործածության մեջ դնում` առանց հաշվի առնելու կոմիտեի որոշումները»: Անդրադառնալով շտեմարանների շուրջ բարձրացված աղմուկին` Լավրենտի Միրզոյանը նշեց, որ ծանոթ է հարցաշարերին. «Կան որոշակի խնդիրներ, բայց նախարարը հայտարարեց, որ դրանք կմաշվեն: Իրականում բարձրացված աղմուկը ոչ թե շտեմարանների շուրջ է, այլ ներքին անձնական խնդիրների` կապված հանձնաժողովի հետ: Շտեմարաններում թերություններ, բնականաբար, կլինեն, բայց աղմուկ բարձրացնելու փոխարեն պետք է հավաքվել եւ քննարկել»»,- մեջբերում է «Առավոտը»:




























