«Կարծում եմ՝ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների որակը սպասվածից ցածր էր». «Twitter» սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է արել Շվեդայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«ՀՀ ԱԳՆ-ն սա անարձագանք չի թողել։ Բիլդտը, խոսելով այս ընտրություններին ԵՄ ԱԳ նախարար Քեթրին Էշթոնի եւ ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հիմնականում գնահատականների մասին, եզրակացրել է, որ ԵՄ-ն Հայաստանից ավելին էր ակնկալում։ «Ես օգտվել եմ միջազգային դիտորդների տված հաղորդումներից։ Ակնկալում էի, որ ՀՀ իշխանությունները ավելի լավ ընտրություններ կանցկացնեն, քան արեցին, եւ հիասթափվեցի, երբ ընթերցեցի դիտորդների զեկույցները։ Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը պետք է շատ ուշադրությամբ հաշվի առնի այն, ինչ ասվել է դիտորդական տարբեր առաքելությունների կողմից, այդ մտահոգությունները չպետք է անտեսվեն, քանի որ ԵՄ-ն իսկապես շատ մեծ կարեւորություն է տալիս ժողովրդավարական չափանիշներին», - պատասխանել է Բիլդտը։ «Ամենայն հավանականությամբ, Բիլդտը Հայաստանով զբաղվող խորհրդականների պակաս ունի, հետեւաբար, նրա ունեցած տեղեկատվության որակը հիասթափեցնող է», - եղել է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը»,- գրում է «Հայկական ժամանակը»:



























