Թուրքիայի ԱԳՆ-ն պարզաբանել է Ադրբեջանին իր երկրի դիրքորոշումը` կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելու հետ:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ նրան ուղղված շնորհավորանքն արվել է մեր պետական ավանդույթների համապատասխան, ինչպես դա արվում է այլ երկրներում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի` APA-ին պատասխանում: Նշենք, որ ադրբեջանական APA գործակալությունը հարցում էր ուղղել Թուրքիայի ԱԳՆ, որում նշել էր, թե «համապատասխանո՞ւմ է արդյոք Աբդուլլահ Գյուլի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին, թուրքական դիվանագիտության ավանդույթներին` նախքան պաշտոնական արդյունքների հրապարակումը, թե՞ այդ շնորհավորանքը հարգելի նախագահի անձնական նախաձեռնությունն է»:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փետրվարի 20-ին, նախքան Հայաստանի ԿԸՀ-ի կողմից այդ երկրում անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, շնորհավորել է Սերժ Սարգսյանին: Տեղեկատվությունը տարածել է «Անադոլու» գործակալությունը: