Փետրվարի 21-ին, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումների ու զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված ՊԲ-ում իրականացվող կադրային քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկմանը: Նիստը վարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախքան օրակարգային հարցերին անցնելը, բանակի հրամանատարը ընդունված կարգով անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների ընթացիկ վիճակին, որից հետո ներկայացրեց օրվա նիստի աշխատակարգը:

Ներածական խոսքին հաջորդել է ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի զեկույցը: Բանակի փոխհրամանատարի կողմից ներկայացված վերլուծականում մանրակրկիտ անդրադարձ է կատարվել Արցախի զինված ուժերում իրականացված կադրերի ընտրության, ուսուցման, համալրման, պլանային փոխարինման վիճակին եւ տվյալ ոլորտի կատարելագործմանն ուղղված գործընթացներին: Բանակի հրամանատարի 1-ին տեղակալը նշել է, որ քննարկվող ժամանակահատվածում նկատելի դրական տեղաշարժ է արձանագրվել սպայական կադրերի ընտրության, պատրաստման եւ տեղաբաշխման ուղղությամբ, բարելավվել են սպայական կազմի եւ ենթասպաների որակական ցուցանիշները, անձնակազմի հաշվառման վիճակը, պաշտոնների համալրվածությունն ու հաստիքապաշտոնային կարգապահությունը:

Այնուհետեւ քննարկվող հարցերի շուրջ, ըստ ուղղությունների հանդես են եկել նաեւ բանակի շտաբի մի շարք բաժինների պետեր, միավորման եւ զորամասի հրամանատարներ: Ելույթ ունեցողներն անդրադարձել են բանակի կադրային աշխատանքներում առկա հիմնախնդիրներին, համալրման ուղղությամբ իրականացվող գործընթացներին, նորանշանակ սպաների հետ տարվող աշխատանքների ու զինծառայողների սոցիալական ոլորտին վերաբերող հարցերին:

Ռազմական խորհրդի նիստն ամփոփել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մ. Հակոբյանը: Կարեւորելով կադրային ճիշտ քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը բանակի մարտունակության բարձրացման գործում՝ բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունն է  հրավիրել հատկապես այն գործընթացների վրա, որոնք նպատակաուղղված են հրամանատարական կազմի ճիշտ ընտրությանը, նրանց մասնագիտական որակների բարձրացմանը եւ, որ շատ կարեւոր է՝ պաշտոնների պլանային փոխարինման համակարգվածության ապահովմանը: Ելնելով այս եւ մյուս գործընթացների նպատակային իրականացման անհրաժեշտությունից, բանակի հրամանատարը տվել է մի շարք կոնկրետ ցուցումներ եւ հանձնարարականներ: