Լոռիի մարզի «Դրախտ» ռեստորանում, փետրվարի 21-ին, ժամը 10.55-ին, հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ նույն օրը,  ժամը 10.30-ի սահմաններում,  համալիրի  սենյակներից մեկում հայտնաբերվել են 30-ամյա Գրիշա  Զ.-ի, 32-ամյա Սարգիս Ղ.-ի, 42-ամյա Էլմիրա Ս.-ի  եւ 22-ամյա Արմինե  Ռ.-ի  դիակները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

ՀՀ քրեական  օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական  գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից:

Սամվել  Թ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ «Դրախտ» ռեստորանը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, ում եղբայրը ներկայիս քաղաքապետն է:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am