Ավելի քան 10 մլն իեն (մոտ 110 հազար դոլար)  հանդիսավոր կերպով հանձնել են ճապոնական Հիրոսիմա քաղաքի ոստիկանները տեղացի բնակչին, ով չէր էլ կասկածում, որ նման խոշոր գումար է պահված իրեն պատկանող հին պահարանում: Պահարանը նա անցած տարի աղբանոցն էր նետել: Դեկտեմբերին գումարը գտել էր աղբի վերամշակման գործարանի աշխատակիցը եւ հանձնել ոստիկանություն:

Իրավապահներն ահռելի աշխատանք են տարել, եւ դրամանիշների համարներով պարզել, որ այն ժամանակին ստացել է ներկայիս տիրոջ հայրը: Մեծ գումարը նա պահել էր պահարանում եւ ոչինչ չէր ասել հարազատներին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ամենից շատ տխրել է գումարը գտած աշխատակիցը: Ճապոնիայի օրենքներով, գտնված գանձի տիրոջը պետք է որոնել երեք ամիս, իսկ եթե չեն գտնում, գտածոն հանձնում են այն գտնողին: