Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` փետրվարի 22-ին, շնորհավորական ուղերձ է հղել անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արտավազդ Փելեշյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Փելեշյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք արդի հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից եք: Ձեզանով իրավամբ հպարտանում է մեր ժողովուրդը: Ձեր ստեղծագործություններն առաջին իսկ քայլերից դարձան երեւույթ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոյի տարեգրության մեջ: Դուք դասվում եք 20-րդ դարի մեծ կինովարպետների եւ կինոտեսաբանների շարքին:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք եւ ստեղծագործական նոր թռիչքներ: Հուսով եմ, որ Դուք, լինելով Փարաջանովի բնորոշմամբ՝ «բացառիկ կինոհանճար», Ձեր հանդիսատեսին դեռ ուրախացնելու եք նոր եւ ինքնատիպ ստեղծագործական գյուտերով՝ ի փառս հայ կինոարվեստի»: