Արդեն իշխանափոխությունը եղել է,  բոլոր այն տեղամասերում, որտեղ հրաշքով մեծ մասնակցություն է եղել, իշխանությունն է հաղթել, որը խոսում է  այն մասին, որ դա եղել է կրկնաքվերակությունների եւ լցոնումների արդյունքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ  շատ դրական երեւույթ կլինի, որ ոչ միայն իրապես պարտված թեկնածուն շնորհավորի, այլեւ իշխանությունն ընդունի իր պարտությունը, ինչը 1991թ մինչ այսօր որեւէ իշխանություն չի համարձակվել անել:

Նա հնարավոր է  համարում, որ գործող նախագահը հանձնի իշխանությունը, խորհրդարանական նոր ընտրություններ նշանակվեն, կոալիցիա կազմվի, ձեւավորվի նոր կառավարություն: «Հարյուր տոկոս համոզված եմ, որ նոր նախագահի պարագայում խորհրդարանը կինքնալուծարվի: Իրավական հիմնավորումները գալիս են լրացնելու քաղաքական գործընթացները: Նոր խորհրդարանական ընտրություններից հետո կլինի նոր կոալիցիա, վստահություն ստացած կոալիցիա, որը կձեւավորի նոր կառավարությունը, որը կկառավարի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչապետը այլ կլինի»,- նշեց նա՝  շեշտելով, որ խորհրդարանական ընտրություններ նշանակելու հետ կապված իրավական խնդիրներ չկան, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ ստեղծվելու է քաղաքական նոր իրավիճակ:

Հարցին, թե ճի՞շտ է, որ դեռ իշխանությունը չվերցրած պաշտոններ եք բաժանում, նա պատասխանեց, որ «իրենք ոչ միայն փոսն են թռել, այլեւ լիճն են հետը թռել»: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը կմնա իշխանության միայն այն դեպքում, երբ շարժումը հաջողության չհասնի, սակայն դա ամենահոռետեսական սցենարն է եւ մեր քաղաքացիների եւս մեկ հուսահատությունը չի կարող մեկնաբանել:

Դիտարկմանը, թե մի քիչ իդեալիստական չէ՞ ձեր մոտեցումը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կյանքը միշտ փոխել են իդեալիստները, եւ ավելի լավ է նմանատիպ իդեալիստական մոտեցումը կյանքի կոչվի, քան ռեալիստականը, իրենք պայքար են տանում հանուն Հայաստանի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am