«Ժառանգությունը» պատրաստվում է փետրվարի 23, 24, 25-ին հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, թեեւ քաղաքապետարանը չի արտոնել դրանք: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ խնդիրն այն է, որ քաղաքապետարանը չի կարող արտոնել այդ հանրահավաքը, քանի որ հայտի ներկայացման ժամկետն անցել է: Հանրահավաք անցկացնելու համար նրանք հայտը պետք է ներկայացնեին  ոչ ուշ, քան յոթ օր առաջ եւ ոչ շուտ, քան երեսուն օր առաջ:  «Կա Սահմանադրություն, որը պոզիտիվ իրավունք  է տալիս: Թույլ տան, չտան, ես իմ պոզիտիվ իրավունքից եմ օգտվելու: Միջազգային կոնվենցիաները մեր օրենքների նկատմամբ գերակա են, իսկ դրանցով ես  խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեմ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ի դեպ, «Ժառանգության» փոխնախագահը նաեւ տեղեկացրեց, որ իրենք ակտիվ մասնակցություն են ունենալու Երեւանի քաղաքապետի ընտրություններում: