«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀՀԿ խմբակցության քրատուղար Հովհաննես Սահակյանին խոստանում է տանել Ապարան՝ ծիրան ուտելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Ժառանգության» վարչութան անդամ Արմեն Մարտիրոսյանի` ծիրանագույն հեղափոխության մասին կանխատեսումներին, կեսկատակ, կեսլուրջ ասել էր. «Արմենը ապարանցի տղա ա, ի՞նչ գիտի ծիրանագույնն ինչ ա»:
Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով Հովհաննես Սահակյանին, նշեց, որ ցավոք, իշխանությունները հետ են մնում գործընթացներից, զարգացումներից. «Չգիտի, որ գլոբալ տաքացման պրոցես է սկսվել, ճարպկություն է արել եւ չի ցանկացել հիշել, որ իմ մայրական արմատները Լոռվա մարզից են, որտեղ ծիրանը շատ լավ բերք է տալիս: Ես իրեն խոսք եմ տալիս տանել Ապարանի Ձորագլուխ գյուղ եւ ցույց տալ Սերյոժա Գալստյանի այգին, որտեղ ծիրան է աճում, ինքը նորից հետ է մնացել, տեղյակ չէ, որ Ապարանում ծիրան է աճում»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























