Ադրբեջանը չի համարձակվի կործանել հայկական քաղաքացիական ինքնաթիռները: Այդ մասին հայտնել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը («Կոմանդոս») այսօր՝ փետրվարի 22-ի մամուլի ասուլիսում:

 «Ստեփանակերտի օդանավակայանից թռչող հայկական ինքնաթիռները կկործանելու մասին խոսակցությունները շաղակրատանք են: Ադրբեջանցիները չեն համարձակվի դա անել», - կարծում է Տեր-Թադեւոսյանը: Ըստ գեներալի՝ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները սոսկ հակահայկական քարոզչության դրսեւորում են: 

«Չէ՞ որ ադրբեջանական ինքնաթիռներն էլ են թռչում Հայաստանով եւ Լեռնային Ղարաբաղով: Եվ ի՞նչ, մե՞նք էլ սկսենք կործանել», - հռետորական հարց է ուղղել Արկադի Տեր-Թադեւոսյանը: Գեներալը հավաստիացրել է, որ կցանկանար առաջին իսկչվերթով թռչել: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի այն ճշտումներին, թե խոսքը ոչ թե կործանման, այլ հարկադիր վայրէջքի մասին է, եւ որ դա ԼՂՀ օդային տարածքի խախտում է, գեներալը նշել է. «Ուրեմն երբ նրանք խախտեն, մենք էլ կհարվածենք»:

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Ադրբեջանում թիվ մեկ խնդիրն է: Այդ երկրի իշխանությունները պարբերաբար Ստեփանակերտ մեկնող ինքնաթիռները «կործանելու» սպառնալիքներ են հնչեցնում: Ճիշտ է, վերջերս Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ «Բաքուն Հայաստանին թույլ չի տա թռչել օկուպացված ԼՂ օդային տարածքով քաղաքացիական ինքնաթիռների թռիչքը, սակայն՝ առանց պատերազմական միջոցների կիրառման»:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am