Մի խումբ քաղաքացիներ այսօր` փետրվարի 22-ին բողոքի ակցիա են արել Բաղրամյան պողոտայում, որտեղ գտնվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կենտրոնակայանը (ֆոտոռեպորտաժ):
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ «հուշանվերներ» էին բերել կեղծված ընտրություններից` նվիրելու եվրոպացի դիտորդներին, ովքեր միջազգային չափորոշիչներին համապատասխանող էին գնահատել փետրվարի 18-ին կայացած ընտրությունները:
«Հայաստանի քաղաքացիները հավաքվել են, որ արտահայտեն իրենց բողոքը դիտորդների եզրակացության դեմ: Այդ եզրակացությունը լիովին խեղաթյուրում է ընտրությունների ընթացքը, լեգիտիմացնում է այն բոլոր ապօրինությունները, որ տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում: Մնեք դեմ ենք նման դիտորդների ներկայաությանը, թող գնան նման դիտարկումներ իրենց երկրներում իրականացնեն»,- նշեցին ակտիվիստները:
Ակցիայի վայրում բազմաթիվ ոստիկաններ կային` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Վերջինիս եւ ակտիվիստների միջեւ լեզվակռիվ եղավ, ոստիկանները փակել էին շենքի մուտքը` թույլ չտալով ակտիվիստներին մոտենալ եւ իրենց պահանջը ներկայացնել դիտորդներին: «Եկել եք այստեղ, մեր ակցիան խանգարում եք, որ ի՞նչ անեք»,- ոստիկանների կոչերին ի պատասխան վանկարկում էին հավաքվածները:
Եվրոպացիներից ոչ ոք այդպես էլ դուրս չեկավ` ծանոթանալու իրենց ներկայացվող բողոքի հետ: Ընդամենը Օսիպյանի միջոցով երկու հոգու հրավիրեցին ներս, սակայն ակտիվիստները հրաժարվեցին` պահանջելով, որ դիտորդներն իրենք դուրս գան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























