Ընդդիմությունը պետք է հասկանա, որ իշխանությունների հետ համագործակցությունն անպտուղ է: Այս մասին, այսօր` փետրվարի 22-ին, մամուլի ասուլիսում նշեց «Վերելք» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արծրուն Պեպանյանը` մեկնաբանելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը:
Նրա խոսքով` ընդդիմությունը չի ուզում հաշվի առնել, որ Հայաստանում ընտրություններ, որպես այդպիսին, գոյություն չունի:
«Ընտրություններ, որպեսա այդպիսին, մեզ մոտ չկա, որովհետեւ չկա արդարադատության ինստիտուտ, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ ոչ լեգիտիմ նախագահին պատիժ չի սպառնում, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդին, ով չի իրականացնում է ժողովրդի սպասումները»,-ասաց Պեպանյանը, հավելելով, որ ընդդիմության պայքարի ելնելն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե նա պատրաստ է պայքարել իշխանության դեմ եւ հաղթել:
«Անհիշելի ժամանակներից մենք սովորել ենք գոչել. «Ոչ ռեժիմին», բայց ոչինչ տեղից չի շարժվում: Միայն Քոչարյանի լուսանկարը փոխարինել են Սարգսյանի լուսանկարով: Գոռալը բավարար չէ, այդպես իշխանություն չեն փոխում»,-հավելեց նա:
Վերլուծաբանի ներկայացմամբ` երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը նման է իշխանության եւ ընդդիմության միջեւ համաձայնության, որի բովանդակության մասին Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է խոսել այսօր կայանալիք հանրահավաքում:
«Ընդդիմությունը փորձում է ինչ-որ նոր շարժման տպավորություն ստեղծել, բայց եթե ամեն բան շարունակվի այսպես, դա ոչնչի չի հանգեցնի»,-հավելեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























