Հայ եւ ադրբեջանցի գրողների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիրք գրելու մասին, որը պետք է նպաստի երկու ժողովուրդների բարեկամությանը: Այդ մասին, այսօր` փետրվարի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Ադրբեջանցի գրող Սունա Արասի եւ թուրք գրող ու իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուի նախաձեռնությամբ թուրքական մտավորականությունը դեմ է արտահայտվել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ բռնաճնշումներին: Թուրքական երեք կուսակցություններ բարձրացրել են գրողի պաշտպանության հարցը` հարցի լուծումը հասցեագրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւին: Ըստ Հացպանյանի, երեկ Զարաքոլուն զանգահարել է Այլիսլիին, սակայն վերջինս վախեցել է խոսել` նշելով, թե մտադիր է լքել երկիրը:
«Ադրբեջանցի գրողին ինչ-որ բանով օգնելու համար մենք դիմեցինք թուրք մտավորականությանը, քանի որ անձնապես մենք չենք կարող օգնել: Երբ Հայաստանում ինչ-որ մեկը դրական բան է գրում ադրբեջանցի ժողովրդի մասին, հայ մտավորականությունն անմիջապես սկսում է քննադատել: Սակայն մենք պետք է մոռանանք բոլոր վիրավորանքներն ու նպաստել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների բարեկամությանը: Ադրբեջանցի գրողն իր երկրի պարծանքն է, նա փորձում է ուղղել սաֆարովյան Ադրբեջանի սխալները»,- ասել է գրող Լեւոն Ջավախյանը:




























