Ադրբեջանում լրջորեն նեղացել են Թուրքիայից` նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար:
Միլլի մեջլիսի այսօրվա նիստը սկսվել է ադրբեջանցի պատգամավորների մեկնաբանություններով: Ինչպես հաղորդում է APA-ն, «Ենի Ազերբայջանի» գործադիր քարտուղար Մուբարիզ Գուրբանլին հայտարարեց, թե Թուրքիայի նախագահի կողմից Սերժ Սարգսյանին շնորհավորելն անթույլատրելի է. «Մենք նման բան չէինք սպասում: Ուստի տվյալ շնորհավորանքին մեր վերաբերմունքի պատճառը հասկանալի է»: Իսկ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ասել է, թե չնայած Թուրքիայի նախագահի շուտափույթ շնորհավորանքը տհաճություն է առաջացնում, սակայն պետք չէ դա արշավի վերածել:
«Մենք ցավ եւ վիրավորանք զգացինք: Բայց պետք չէ շեղվել դրա վրա»,- ասել է Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը: Գուդրատ Հասանգուլիեւը նկատել է, որ «եթե Հայաստանը կանգնած է ոտքերի վրա, դա Թուրքիայի շնորհքն է»: «Թուրքիայից Հայաստան ինքնաթիռներ են թռչում, կան առեւտրային կապեր Հայաստանի հետ: Իսլամական համագործակցության կազմակերպությունում պետք է բարձրացղնենք Թուրքիայի եւ Իրանի հարցը»,- նշել է նա: Ասադովն այդ ելույթն անթույլատրելի է որակել:




























