Փետրվարի 22-ին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել 4 հիմնական հարց:
ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպած 2012 թվականի «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման եւ 2013թ. անվանակարգերի հաստատման վերաբերյալ զեկուցել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:
Ներկայացվել են 2012թ. մրցանակաբաշխության արդյունքներն ըստ անվանակարգերի:
Մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը եւ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը նախատեսված է մարտի 5-ին, ժամը 11.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում: Ակնկալվում է նաեւ տարբեր երկրներից մրցույթի մասնակիցների մասնակցությունը:
Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կնքված հուշագրերի, համաձայնագրերի, պայմանագրերի կատարման ընթացքը:
«Ավստրալիայի հայ համայնքի կրթամշակութային խնդիրների լուծման աջակցության ծրագիր» 2013 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին զեկույցով հանդես է եկել Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ Ռոզա Հովհաննեսյանը:
Նախագծի ընդունման արդյունքում ծրագրի իրականացումը կնպաստի Ավստրալիայի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանը, զորակցմանը տարածաշրջանի հայ համայնքների մշակութային հիմնախնդիրների լուծմանը, հայոց լեզվի իմացության եւ օգտագործման խթանմանը, աջակցությանը կրթական, մշակույթային եւ հայագիտական օջախների արդյունավետ գործունեությանը, համայնքներում առկա ներուժի հաշվառմանը, համախմբմանը եւ այն համահայկական ծրագրերում ներգրավելուն:
Նիստի ավարտին Համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառ. հետ կապերի վարչության պետ Կամո Սարգսյանը ներկայացրել է վարչության հաշվետվությունը:
Վարչության երկու` համահայկական եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ այլ հոգեւոր կառույցների հետ կապերի բաժինները իրականացրել են վարչության 2012 թվականի աշխատանքային ծրագրի «Սփյուռքի համայնքներում տեղի ունեցող հիշարժան իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական նյութերի հավաքման եւ մշակման, «Հայկական Սփյուռք-2011» տարեգրքի հրատարակման հետ կապված աշխատանքները:




























