Երեք ֆոտոմոդելների սպանության մեջ մեղադրվող Գեորգի Մարտիրոսյանը բողոքել է, թե իրեն տանջել են հոսանքով: Երբ դատարանը որոշել է Մարտիրոսյանի խափանման միջոցը, նա հայտարարել է. «Երեկ ինձ տանջել են, ես երկու օր ոչինչ չեմ կերել: Օպերատիվ աշխատակիցները խոշտանգել են հոսանքով»: Նա նաեւ մեղադրել է իրավապահ մարմիններին իր տուն թմրանյութեր գցելու մեջ: Նշենք, որ Մարտիրոսյանի կնոջ տան խուզարկության արդյունքում այնտեղ թմրանյութեր են հայտնաբերվել:

Իրեն էքստասենս համարող Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նշել է, որ կանանց համոզել է հետ կանգնել թմրանյութերի օգտագործումից: Մարտիրոսյանը դատարանից խնդրել է իրեն ազատ արձակել, վստահեցնելով, որ չի պատրաստվում թաքնվել արդարադատությունից:

«Եթե ես ուզենայի թաքնվել, ես կմնայի արտերկրում, այնինչ հենց ինձ կանչում էին, ես անմիջապես ներկայանում էի: Ես վտանգավոր չեմ, առողջ եւ ողջամիտ մարդ եմ»,-ասել է մոգը, սակայն դատարանը նրա նկատմամբ կալանքի որոշում է կայացրել:

42-ամյա Մարտիրոսյանը ծնվել է Թբիլիսիիում, նա իր առաջին դատվածությունն ստացել է Բելառուսում, ապա` Մոսկվայում: Ազատ արձակվելուց հետո նա 2000-ից սկսել է մոդի եւ հեքիմի ծառայություններ առաջարկել: Նրա հաճախորդները հիմնականում եղել են մոդելային գործակալությունների աղջիկները:

Քննության տվյալներով, Մարտիրոսյանը դիտմամբ աղջիկներին թմրամիջոցների մահացու դոզա է ներարկել, հետո թալանել նրանց իրերը: