ԱՄՆ Օհայո նահանգի ոստիկանությունը կալանավորել է բժշկին, համարելով որ նա առնչություն ունի երիտասարդ հղի կնոջ գազանաբար բռնաբարությանն ու սպանությանը: 44-ամյա բժիշկ Ալի Սալիմը ԱՄՆ է տեղափոխվել Պակիստանից: Նա առայժմ ամբողջությամբ հերքում է իր մասնակցությունը:

Քննությունն սկսվել է այն բանից հետո, երբ 2012-ի օգոստոսի 1-ին Նյու Օլբանիի մոտ գտնվող անտառում հայտնաբերվել է մեքենա` ներսում մեքենայի տիրոջ դիակը: Պարզվել է, որ մահացած աղջիկը 23-ամյա Դինա Բալմենն է, ով երրորդ երեխային էր սպասում: Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ նրան հերոինի մահացու դոզա են ներարկել: Բացի այդ, աղջկան բռնաբարել են եւ խոշտանգել մահից հետո:

Քննության վարկածով, Ալի Սալիմի հետ Դինան ծանոթացել է Craigslist հայտնի կայքի միջոցով, որտեղ նա տան հավաքարարի աշխատանք էր փնտրում: Բժիշկը դրա փոխարեն երիտասարդ կնոջն առաջարկել է մասնակցել ֆոտոսեսիայի որպես մոդել, գրում է The Daily Mail-ը: