Հաղթանակի հասնելու եւ Րաֆֆի Հովհաննիսյանին դե յուրե նախագահ հռչակելու համար անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին զրկել հանգստից: Այս մասին, Ազատության հրապարակում հայտարարեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հանդես գալով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմակիցների հանրահավաքում:
«Սերժ Սարգսյանն այսօրվանից պետք է կորցնի հանգիստ քունը, ցանկացած պահի նա պետք է զգա իշխանությունը կորցնելու վտանգը, նա երբեք չի եղել եւ երբեք չի լինի Հայաստանի նախագահ»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները հանրապետությունում ի հայտ բերեցին երկու քաղաքական բեւեռ` մեկը ռեժիմն է, իսկ մյուսը համախմբված ժողովուրդը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Միաժամանակ, ընդդիմադիր գործիչը զգուշացրեց որեւէ հապշտապ եւ հախուռն գործողությունների չդիմել, որովհետեւ այն կողմը, որը նման քայլերի կդիմի, պարտություն կկրի:
Փաշինյանը նաեւ ընդգծեց իշխանությունների կողմից որեւէ ուժային գործողություն բացառելու անհրաժեշտությունը: Ընդ որում, նա վստահություն հայտնեց, որ ընդդիմությանը կհաջողվի դա անել: Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, ընդդիմությունը պետք է բացառի որեւէ պայմանավորվածություն իշխանությունների հետ:
Հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ «Ժառանգության» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:




























