Այսօր` փետրվարի 23-ին, ժամը 12.00-ին, կկայանա Հայոց Համազգային շարժման համագումարը: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը:
Մեր հարցին, թե օրակարագում Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցության ստեղծման հա՞րցն է, նա պատասխանեց` «այդպես մի բան», ապա հավելեց, որ կանոնադրական փոփոխություններ են անելու: Նա միանաշանակ բացառեց ՀՀՇ-ի լուծարումը, իսկ թե ինչ է անելու ՀՀՇ-ն, չմանրամասնեց: ՀԱԿ դաշինքի ճակատագիրը, Վահագն Հայոցյանի խոսքով, կորոշեն 15 կուսակցությունները: Հարցին, դուք ցանկանում եք անդամակցել ՀԱԿ կուսակցությանը, նա պատասխանեց. «Նախ, այդ կուսակցությունը չկա, բայց դուք հարցնում եք` ուզում եք մտնել, թե` ո՞չ, մի քիչ սպասեք, ամեն ինչ պարզ կլինի»:
Նշենք, որ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը դեմ է ՀՀՇ-ի լուծարմանը, սակայն կուսակցություն կուսակցության ներսում չի կարող լինել: «Օրենքը թույլ է տալիս ստեղծել քաղաքական միավոր. Քաղաքական միավորների միաձուլմամբ, ինքնալուծարմամբ, վերակազմավորվելով ` սրանք են իրավական հնարավոր միջոցները, որոնց միջոցով հնարավոր է ստեղծել քաղաքական նոր ուժ»,- նշել էր նա` միաժամանակ արձանագրելով, որ ՀՀՇ-ի լուծարումը կնշանակի գիծ քաշել անցած ճանապարհի վրա: Լուծարումը նաեւ բացասական կազդի ՀՀՇ-ի համար, քանի որ կկորցնեն մի շարք արտոնություններ եվրոպական կառույցներում, այդ իսկ պատճառով Մանուկյանը կողմ է արտահայտվել վերակազմավորման եղանակին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 28 անհատներ դիմել են Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցություն ստեղծելու մասին: «Նոր կուսակցություն չի ստեղծվում, ՀՀՇ-ն անունը փոխում են, դա երեւում է, երբ նախաձեռնողներին նայում ես, կեսը ՀՀՇ-ից են, կեսն էլ անկուսակցական, որոնք վերջին տարիներին կորդինացրել են Կոնգրեսի աշխատանքները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:



























