Երեկ՝ փետրվարի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 21:00-ի սահմաններում Չուխաջյան 46 շենքում պարանոցի շրջանում ստացած վնասվածքներով Վանաձորի բժշկական կետրոն է տեղափոխվել նույն շենքի բնակիչ, 41-ամյա Սարգիս Պապոյանը, վերջինս վնասվածքն ստացել է նշված շենքում: Ժամը 24:00-ի դրությամբ Սարգիս Ապոյանին բժիշկները վիրահատել են:
Դանակահարվածի որդու փոխանցմամբ` հորը դանակահարել է հարեւան շենքի բնակիչ, Շմո մականվամբ Տիգրան Հովսեփյանը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վանաձորի եւ Բազումի բաժանմունքի իրավապահները Բազումի բաժանմունքի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչները: Հարեւանները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ իրենք են շտապօգնություն կանչել, երբ տեսել են Սարգիս Պապոյանին, իրենց խոսքով, «կոկորդը» կտրած վիճակում:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























