Ռուսաստանի Լենինգրադի մարզի կադաստրային պալատի ղեկավարի կինը՝ Սվետլանա Պյատունինան, տնային կալանքի է ենթարկվել։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, Պյատունինային ձերբակալել էին փետրվարի 21-ին՝ «Օբորոնսերվիս»-ի գործով։ Իրավապահների տվյալով՝ Պյատունինայի անվամբ հողեր են գրանցվել, որոնք ապօրինաբար օտարվել էին պաշտպանության նախարարությունից։ Քննությունը կարծում է, որ Վսեվոլժսկում մասնավորեցվել է ավելի քան 450 հա հողատարածք՝ մոտ միլիարդ ռուբլի կադաստրային արժեքով, հայտնում է vesti.ru-ն։
Հիշեցնենք, առաջին իսկ խուզարկությունների արդյունքում իրավապահները գույքի սեփականաշնորհման վկայականների կույտեր էին գտել, որոնցից 150-ը Պյատունինայի անունով էր, 50-ը՝ նրա մոր։

Նաեւ հայտնի էր դարձել, որ նյութերում «Օբորոնսերվիս»-ի գործով ամբաստանյալ Ելենա Վասիլեւայի, ինչպես նաեւ Վսեվոլժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանի ստորագրությամբ փաստաթղթեր են գտնվել: