Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ-ում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Սիրելի հայրենակիցներ,

Հարգարժան գեներալներ, սպաներ, զինվորներ,

Թանկագին վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Սա տոն է ինչպես հանրապետության զինված ուժերի, այնպես էլ մեր ողջ ժողովրդի համար, ով օրհասական պահին մեկ մարդու պես  ոտքի ելավ` պաշտպանելու իր պապերի հողն ու կերտելու սերունդների  ապագան, առանց վարանելու զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին եւ իր քաջ զավակների արյան գնով գծեց հայրենի երկրի սահմանները:

Այս տոնական օրը ես գլուխ եմ խոնարհում մեր նահատակված քույրերի ու եղբայրների հիշատակի առջեւ: Հավե~րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Փա~ռք ու պատիվ հայոց բանակին, ում ջանքերի շնորհիվ է նաեւ պահպանվում խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում:

Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել եւ անպայման կանենք, որպեսզի միշտ բարձր պահենք զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակն ու հաղթական ոգին, որպեսզի նա լինի ժամանակակից պահանջներին համապատասխան, ուժեղ ու հզոր:

Այս հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ համայն հայությանը` Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում,  Զինված ուժերի ողջ անձնակազմին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նորանոր հաջողություններ` հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության իրականացման ճանապարհին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ը տասնամյակներ շարունակ նշվել է որպես Խորհրդային բանակի օր: Հետագայում Հայաստանում Հայոց բանակի օր հռչակվեց հունվարի 28-ը: