Ավան վարչական շրջանի Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW» մակնիշի 34 TU 967 համարանիշի եւ «Nissan Patrol» մակնիշի` ՊՆ համարանիշներով ավտոմեքենաները:

Նախնական տեղեկություններով` «BMW»-ի եւ «Nissan Patrol»-ի վարորդները վիրավորվել են, իսկ «BMW»-ի երկու ուղեւորները` տեղում մահացել:

«BMW»-ի վարորդ Գ. Վարդանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նշենք, որ երկու մեքենաներն էլ ՊՆ հաշվեկշռում են եղել:  Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս պահին վիրավորների եւ մահացածների վերաբերյալ ինֆորմացիա չի կարող տրամադրել, սակայն փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ 377 հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է  նախաքննություն: