Վանաձոր քաղաքի Չուղաջյան 46 շենքի դիմացից երեկ` փետրվարի 22-ին ժամը 21.30-ի սահմաններում  դանակահարված եւ Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված է 41-ամյա Սարգիս Պապոյանի առողջական վիճակը բավարար է , կյանքին վտանգ չի սպառնում եւ այսօր նրան կտեղափոխեն պալատ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վանաձորի բժշկական կենտրոնից:

Վերջինս դանակի հարվածն ստացել էր  պարանոցի եւ գլխի աջ մասի հատվածում: Լոռիի մարզի ոստիկանության բաժնից էլ տեղեկացանք, որ ոստիկանությունը կատարում է օպերատիվ միջոցառումներ կասկածյալին` «Շմո» մականունով հայտնի 40-ամյա Տիգրան Հովսեփյանին հայտնաբերելու ուղղությամբ: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ ըստ նախնական տեղեկությունների «Շմոն» դանակահարվածից պահանջել է նրա ավտոմեքենայի բանալիները եւ երբ մերժում է ստացել, իր մոտ եղած դանակով հարվածել է նրան:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am