Հետընտրական պաշտոնանկությունների շարքում հերթը հասել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` այսօր` փետրվարի 23-ին, դրվել է նաեւ նրա պաշտոնանկության գործընթացի սկիզբը, ընդ որում ոչ այն պատճառով, որ Վանաձորում Սերժ Սարգսյանը պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ վերջինիս արդարացման համար, որով նա վիրավորել էր քաղաքի ողջ ժողովրդին:
Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանը Սերժ Սարգսյանի պարտությունը հիմնավորել էր հետեւյալ կերպ. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդն ինքը չի հասկանում` ինչ է անում»:
NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանին զայրացրել է այս ձեւակերպումը, քանի որ չի կարող համայնքը ղեկավարել մի մարդ, ով ողջ ժողովրդին անվանել է անգիտակից եւ որոշվել է դնել նրա ազատման հարցը:
Ի դեպ, ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Իշխանությունները դեմքը սկսվել է փոխվել: Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս»:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am



























