Լոռիի մարզի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ երեկ երեկոյան Վանաձորում տեղի ունեցած դանակահարության հետ կապված: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանը, նշելով, որ քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով: Հանցագործութուն կատարած անձը որոնվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, երեկ՝ փետրվարի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 21:00-ի սահմաններում Չուխաջյան 46 շենքում պարանոցի շրջանում ստացած վնասվածքներով Վանաձորի բժշկական կետրոն է տեղափոխվել նույն շենքի բնակիչ, 41-ամյա Սարգիս Պապոյանը, վերջինս վնասվածքն ստացել է նշված շենքում: Ժամը 24:00-ի դրությամբ Սարգիս Ապոյանին բժիշկները վիրահատել են:

Դանակահարվածի որդու փոխանցմամբ` հորը դանակահարել է հարեւան շենքի բնակիչ, «Շմո» մականվամբ Տիգրան Հովսեփյանը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վանաձորի եւ  Բազումի բաժանմունքի իրավապահները Բազումի բաժանմունքի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչները: Հարեւանները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ իրենք են շտապօգնություն կանչել, երբ տեսել են Սարգիս Պապոյանին, իրենց խոսքով, «կոկորդը» կտրած վիճակում:


Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am