Հայոց համազգային շարժում կուսակցությունը կառավարության նիստերի դահլիճում սկսեց իր 18-րդ արտահերթ եւ, թերեւս, ՀՀՇ անունով, վերջին համագումարը։ ՀՀՇ-ն, ըստ ամենայնի, կվերակազմավորի Հայ ազգային կոնգրես կուսակցության։

Ներկաները հոտընկայս, «Լեւոն, Լեւոն» վանկարկումներով եւ բուռն ծափերով դիմավորեցին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ վերջին շարքերից լսվեց «Լեւոն իմաստուն»։

Համագումարին մասնակցում են միայն ՀՀՇ անդամներն ու ՀԱԿ ղեկավարությունը՝ Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ այլք, այլ կուսակցություններից հրավիրյալներ չկան, քանի որ այսօրվա համագումարն ավելի կազմակերպչական է։

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշեց, թե հատկացրել էին 630 մանդատ, բայց համագումարը սկսելու պահին մասնակցում էին մոտ 430-ը։

Համագումարի օրակարգում միայն մեկ հարց է՝ ՀՀՇ-ն վերանվանում է «Հայ ազգային կոնգրեսի», թեեւ Բաբկեն Արարքցյանն առաջարկեց ընդունել նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն։ Առաջարկն անցավ միաձայն եւ ոչ պակաս բուռն ծափերով։

«Հայ ազգային կոնգրեսը կարիք ունի նոր լուծումների։ Հաշվի առնելով, որ իշխանությունները շարունակելու են ահաբեկել հակառակորդներին, ստեղծում են կեղծ ընդդիմադիր հոսանքներ եւ բեւեռներ, առկա ռեսուրսը չփոշիացնելու համար պետք է վերակազմավորվել»,- նշեց Արամ Մանուկյանը եւ հավելեց «ՀՀՇ վերանվանումը ՀԱԿ կուսակցության հնարավորություն կտա ընդլայնել կառույցը»։ Մանուկյանն օրերս հանդիպել է նաեւ ազատազրկված ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, ով կոչ է արել կուսակից ընկերներին կողմ քվեարկել վերափոխմանը։

«Այս քայլի արդյունքում ՀՀՇ-ն չի լուծարվում, պահպանում է իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունը, ստեղծված նոր կառույցը լինելու է ՀՀՇ իրավահաջորդը, ՀՀՇ-ն պահպանում է  իր գաղափարախոսության բոլոր դրույթները, ՀՀՇ-ն պահպանում է անդամակցությունը եվրոպական կառույցներում»,- նշեց Մանուկյանը։

Բաբկեն Արարքցյանի հարցին, թե ի՞նչն էր խանգարում, որ բախեփոխումն արվեր ՀՀՇ կուսակցության կազմում, Արամ Մանուկյանը պատասխանեց, թե լրջագույն քաղաքական վերլուծություն են արել։ «ՀՀՇ-ի ներսում բարեփոխումներ արվել են, բայց այն հոսքը, որ կա, ավելին է, քան եթե կարողանայինք անել ՀՀՇ կազմում»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ նորեկների թիվն ավելին է լինելու, քան հին անդամների, իսկ եկողները չէին ուզում ՀՀՇ կուսակցության մեջ մտնել։