Նախախորհրդարանը դեռ երեք ամիս առաջ էր կանխատեսել, որ այս ընտրություններում ժողովուրդը կանգնելու է փակուղու առջեւ, քանի որ ընտրությունները վերածվել են ընտրախախտումի մեքենայի, որտեղ միշտ կազինոյի տերն է հաղթում: Այս մասին, այսօր` փետրվարի 23-ին, մամուլի ասուլիսում նշեց «Նախախորհրդարանի» համակարգող, վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը:
Նրա խոսքով` ակնհայտ է, որ ժողովուրդն իր ընտրախավից առաջ է ընկած, իսկ հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ սին էին այն պատկերացումները, թե ժողովուրդը չի կարող ոտքի կանգնել: «Դեռեւս դեկտեմբերին ընդդիմադիր դաշտը փլուզվեց, սակայն վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ժողովուրդն ինքնակազմավորվում է»,- ասաց Գարեգին Չուքասզյանը: Նա տեղծված իրավիճակը գնահատեց որպես առաջին գիտակից պայքարը նոր գաղութային ռեժիմի դեմ, որի հիմնական խնդիրը շուտափույթ ինքնակազմակերպումն է:



























