«Նախախորհրդարան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը եւ նախաձեռնության մյուս անդամները շատ ջերմ հարաբերությունների մեջ են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ շատ ուրախ են, որ նա հասել է այն բեմահարթակին, որը մեծ պատասխանատվություն  է կրում: Այս մասին, այսօր` փետրվարի 23-ին, մամուլի ասուլիսում նշեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Այդուհանդերձ, նա հիշեցրեց, որ նախկին բոլոր ընտրություններում գործող բոլոր նախագահները միշտ հաղթել են, ուստի իրենք չեն ցանկանում կրկնել նախկին ընդդիմադիրների սխալները:Սեֆիլյանի խոսքով` եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը. «Օրինակ, Սերժ Սարգսյանին «պարոն նախագահ» արտահայտությամբ դիմելը կոպիտ սխալ է, քանի որ նա այդ աթոռն արյունով է զավթել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը, ով նաեւ խորհուրդ տվեց, որ այդ բեմահարթակը հնարավորինս պետք է մաքուր պահպանեն: Այսինքն` այդ բեմահարթակին պետք է լինեն այն մարդիկ, ովքեր նախորդ տարիներին գործարքի չեն գնացել իշխանությունների հետ եւ ժողովրդի աչքին մաքուր են:

«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դուրս գա ռեժիմի կողմից պարտադրված կանոններից: Եթե ոչ` կրկնվելու է նախորդների սցենարը: Պետք չէ, որ մեր ժողովուրդը հերթական հիասթափությունն ապրի: Մեր հորդորն է Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ժողովրդի էներգիան պահպանելով պետք է ուղղորդվի ճիշտ հուն: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որ պահպանենք այդ էներգիան. այն է զուգահեռ իշխանություն ձեւավորել: Այսինքն այլընտրանքային մի հուն, որտեղ պետք է ծնվեն այլընտրանքային ընտրություններ: Դրանից հետո կձեւավորվի ժողովրդի կողմից ձեւավորված իշխանություն»,- մանրամասնեց Ժիրայր Սեֆիլյանը եւ ավելացրեց, որ դրանից հետո իշխանությանը պետք է հայտ ներկայացվի, որ բանալիները հանձնեն: Իսկ մինչեւ այդ այս ռեժիմին որեւէ պահանջ ներկայացնելն անիմաստ է: