Հայաստանում այսօր անդունդ է առաջացել ժողովրդի եւ նրան կառավարող համակարգի միջեւ: Այս մասին, այսօր` փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նախախորհրդարանի» նախաձեռնության անդամ, իրավաբան, պահեստազրի գնդապետ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով` այս վիճակը հաղթահարելու միակ ճանապարհը կառավարման նոր համակարգի ձեւավորումն է եւ նոր որակի պետության ստեղծումը: Ավետիսյանի ներկայացմամբ` հենց այդ խնդիրն է իր առջեւ դրել «Նախախորհրդարանը»:
«Նախախորհրդարանը» ձեւավորվել է որպես մի հարթակ, որտեղ պետք է գեներացվի ապագա Հայաստանի պատկերացումը, ուրվագծվի ազգային կառավարման համակարգի պատկերը եւ այնտեղ պետք է առողջ քաղաքացիական ներուժից հավաքվի նաեւ այն դասը, որը պետք է հետագայում իրենից ծնի նոր ազգային յուրատիպ ընտրախավը եւ ձեւավորի նոր ազգային յուրատիպ կառավարման համակարգ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ այդ նպատակով իրենք մշակել են համպատասխան ծրագիր եւ իրենց հաջորդական քայլերն են կատարում:
«Մեր հաջորդ փուլը լինելու է արդեն հիմնադիր խորհրդարանի ձեւավորումը, որն ընտրվելու է այլընտրանքային ընտրությունների միջոցով: Այս պահին մտածում ենք, որ դա համացանցային եղանակով կլինի, բայց միգուցե նաեւ, այլ տարբերակներով: Այսինքն`մերժելով գոյություն ունեցող ընտրամեխանիզմները, գործող օրենսդրական դաշտի սահմանած կանոնները, ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի, ինքն իրենից ծնի օրենքներ, կանոններ, մեխանիզմներ եւ դրանով ձեւավորի իր հիմնադիր խորհրդարանը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը եւ ավելացրեց, որ հիմնադիր խորհրդարանը հետագայում կկնքի պայմանագրեր, որը կբերի հիմնադիր խորհրդարանի լեգիտիմացման:



























