Դեռեւս 2021-ի նոյեմբերի 18-ին, «Մուշ» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանված Սամվել Շարբաթյանի քույրը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ եւ օգնություն է ակնկալում, պնդելով, որ իրենց ահաբեկում են:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին ուղղված դիմումը.
«18.11.2012թ. ժամը 22:00-ի սահմաններում Մուշ ռեստորանում եղբայրներ Արեն եւ Արտակ Վերանյանների եւ Սամվել Դիլոյանի գազանաբար ծեծի պատճառով սպանվել է հարազատ եղբայրս՝ փաստաբանների միության անդամ Սամվել Շարբաթյանը: Իրավապահ մարմինները կալանավորել են ոճրագործներին, բայց դրանով ավելի է վտանգված մեր՝ առանց այն էլ տուժած հարազատների կյանքը: Պատճառը, որ միակ վկան (չնայած ռեստորանում եղել են շատ վկաներ, որոնք ըստ իրավապահների քարի պես լռում են) Հայկը՝ քրոջս տղան, որը ծառայում է ԼՂՀ Ներքին Ղորաթաղի զորամասում, պետք է ոճրագործների անունը չտա, որ չդատվեն, որ մեղք են: Իսկ մեղք չէ՞ր եղբայրս, որ 3 հարբած ոճրագործներ գազանաբար խփում էին գլխին ու հայհոյում, իսկ Հայկը, որ ուզում էր փրկել քեռուն մի քանի հարված էլ բաժին է հասնում Հայկին, անգամ գիտակցության կորուստ է ունենում, իսկ ռեստորանում գտնվող այսպես կոչված եղբայր ընկերը՝ պարոն Խլղաթյանը եւ մի քանի մարդիկ իբր չեն լսում, չեն տեսել, շարունակել են խնջույքը՝ չխառնվելով կռվին: Ասեմ, որ դեպքի վայրում եղել է նաեւ 3-4 իբր անծանոթ տղաներ, որոնք ոճրագործների թիմակիցներն են եւ այժմ էլ հետապնդվում են ոստիկանների կողմից ու մեծ վախ են ներշնչում տուժածներիս, մանավանդ՝ Հայկին, որը գտնվում է մեզանից շատ հեռու եւ միշտ էլ վտանգի մեջ է:
Դիմել ենք բազմակի տարբեր իրավապահ մարմիններին, տեղեկացրել ենք, որ կան սպառնալիքներ, որ վախենում ենք, բայց հստակ պատասխան չկա, հանգստացնում են, որ ոճրագործները ձեռբակալված են, բայց մյուս 4-ը՞, որ ազդում են նորակոչիկ զինվորի վրա, ո՞վ պետք է մտածի այս մասին, ի՞նչ է սպասենք հաջորդ ոճրագործությա՞նը: Ո՞վ պետք է մտածի, որ կա չէ՞ պատճառ, որ Հայկը այլեւս չի ուզում տալ ոճրագործների անունները, կամ ինչի մնացած վկաներին չեն ստիպում խոսել, ինչի՞ հաշվի չեն առնում տղայի՝ Հայկի հոգեկան սթրես, ծանր տրավմա ապրած վիճակը, կամավոր գնաց բանակ, որ հեռու լինի ոճրագործներից, հիմա էլ ողջ զորքի առջեւ ե՞ն ստորացնում զինվորին, ստորացնողն էլ մի գործից անտեղյակ, ոչ կիրթ լրագրող Ադրինե Թորոսյանն է, որը խառնել է անձնականը գործնականի հետ, կատարում է ոճրագործի պատվերը, զանգում է զորամաս Հայկին եւ ստիպում, որ պատասխանի իր անմիտ հարցերին, այդքանով չբավարարվելով, զանգում եւ Հայկի դեմ է հանում հրամանատարությանը:
Մեր երկրում էլ չմնաց բարձրաստիճան իրավապահ, որ չդիմենք, ի՞նչ անենք, ինչքա՞ն սարսափենք, եւ ինչի՞ վախենալով ապրենք, առանց այդ էլ տեսնելով մեր հարազատի խոշտանգված գլուխը սարսափահար եղանք, որ մեր ապահով երկրում նման ոճրագործությու՞ն, եւ գումարած սպառնալի՞ք, որ ազատ արձակվեն գազաննե՞րը: Մեզ հանգստացնում են, թե իբր խիստ ռեժիմի տակ են գտնվում, իսկ ոնց է լինում, որ 10 օրվա կալանավորվածը ելույթ է ունենում հեռաուստատեսությամբ ծամոնը բերանին, արհամարհական ծիծաղը երեսին, այսինքն՝ մի հասարակ լրագրող Ադրինեն հզոր է դատախազությունի՞ց:
Խնդրում եմ օգնել ճիշտ որոշում կայացնել, եւ ապահով, հանգիստ մեր վշտի հետ ապրենք: Եվ որ գոնե գտնվի մի հնարավորություն այս ոճրագործության հերոսները ազատ ման չգան հասարակության մեջ, պարծենալով, որ ո՞վ կարա մեր անունը տա, մենք թիկունք ունենք: Ավելացնեմ, որ գոնե իրավապահներից մեկի մտքով անցա՞վ, որ միջոցներ ձեռք առնեն Հայկի հոգեբանական վիճակը ստուգելու, սփոփելու համար, դրա փոխարեն ստիպում են, որ պետք է շարունակ տաս ոճրագործների անունները, որ դատենք: Էսպես ե՞ն համարում ապահով մեր երկիրը»:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ նոյեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Վանաձորի մերձակա գյուղերից մեկում՝ Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում դիակ է հայտնաբերվել բռնության հետքերով:




























