Այսօր փետրվարի 12-ին «Էրեբունի» հյուրանոցում կազմակերխպվել էր սեմինար «Հայ-թուրքական հարաբերություններ եւ միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Գյուվեն Սաքը: Սեմինարի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը հարց ուղղեց թուրք տնտեսագետին, թե ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ թեեւ Թուրքիան, ինչպես նաեւ Հայաստանը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է, սակայն Թուրքիան շատ բարձր մաքսատուրքեր է սահմանել գյուղատնտեսական ապրանքների ներմուծման համար, որոնք հասնում են 300-400 տոկոսի, այնինչ Հայաստանը գործում է 0-10 տոկոս մաքսատուրքերի միջակայքում:

Դա, ըստ փոխնախարարի, անհավասար պայմաններ է ստեղծում երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերություններ հաստատելու համար, քանի որ Թուրքիան, խախտելով ԱՀԿ պահանջը, սուբսիդավորում է նաեւ արտահանվող ապրանքները: Այս առնչությամբ թուրք տնտեսագետը հստակ պատասխան չկարողացավ տալ՝ նշելով միայն, որ սահմանի բացումը նաեւ օրենսդրական խնդիր է, եւ պետք է աշխատել երկու երկրների օրենսդրությունները միմյանց համապատասխանեցնելու ուղղությամբ: «Մենք բոլորս պետք է աշխատենք սահմանի բացումից օգուտներ ստանալ: Դա պետք է փոխշահավետ լինի»,- ասաց նա: