Թուրքիան վերջին 30 տարում հսկայական տնտեսական թռիչք է արձանագրել, եւ այդ գործընթացը մինչ օրս էլ շարունակվում է: Այս մասին «Հայ-թուրքական հարաբերություններ եւ միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով սեմինարի ժամանակ նշեց թուրքական տնտեսական քաղաքականության եւ հետազոտությունների TEPAV հիմնադրամի գործադիր տնօրեն Գյուվեն Սաքը: Նշենք, որ փետրվարի 10-12-ը TEPAV-ի ներկայացուցիչներն այցելել են Երեւան՝ հանդիպելու հայ գործարարների, կառավարության պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր ներգրավված են միջսահմանային համագործակցության խթանման գործընթացում:
Գյուվեն Սաքը ներկայացնելով Թուրքիայի տնտեսության վիճակը, նշեց, որ եթե 1980 թվականին Թուրքիայի ՀՆԱ-ն կազմում էր 70 միլիարդ դոլար, ապա 2008-ին այդ թիվը հասել է 700 միլիարդ դոլարի: Արտահանումը 1980-ին եղել է 3 միլիարդ դոլար, իսկ 2008-ին արդեն հասել է 132 միլիարդի: Բացի այդ եթե 1980-ին արդյունաբերությունը զարգացած էր միայն արեւմտյան քաղաքներում, հիմնականում Ստամբուլում, ապա հիմա արդյունաբերական կենտրոններ են դարձել նաեւ արեւելյան քաղաքները, այդ թվում՝ Բուրսան, Ադանան, Մերսինը եւ այլն: Դա հանգեցրել է նրան, որ քաղաքային բնակչության տոկոսը 25-ից դարձել է 75 տոկոս:
«Թուրքիայի քաղաքական ու տնտեսության կառուցվածքային փոփոխությունները հաջողությամբ շարունակվում են: Թուրքիան կտրուկ մեծացրել արտահանումը եւ ներկայումս տարածաշրջանում արտահանման ծավալով ետ է մնում միայն Ռուսաստանից»,- ասաց նա ու հավելեց. «Թուրքիայի բիզնես համայնքը շահագրգռված է տարածաշրջանային ինտեգրմամբ՝ ոչ միայն Հայաստանի հետ: Մենք մեծացնում ենք արտահանումը բոլոր հարեւան երկրներ: Հայաստանն այդ առումով եւս կարեւոր է, քանի որ դա ճանապարհ է բացում դեպի Ռուսաստան եւ Միջին Ասիայի երկրների շուկաներ: Տնտեսությունը ողջ տարածաշրջանի համար է զարգանում, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը»:



























