«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը եւ նրա անկոտրում կամքը արդարության եւ ազատության նվաճման ճանապարհին: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է հայ ժողովրդի քաղաքացիական բարձր գիտակցությունը եւ նրա անկոտրում կամքը արդարության եւ ազատության նվաճման ճանապարհին:

Ցավոք, տարիներ շարունակ, մեր ժողովրդի ընտրական իրավունքը յուրացվել է ՀՀ իշխանությունների կողմից՝ բերելով համակարգի այլասերմանը եւ ընտրական ինստիտուտների ձեւախեղմանը: 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունները յուրօրինակ ռեֆերենդում էին գործող իշխանության համար, եւ նույնիսկ այդ պայմաններում իշխանությունները ձախողվեցին, իսկ ժողովուրդը հերթական անգամ ոչ ասաց նրանց վարած քաղաքականությանը:

Մենք վստահ ենք, որ դարավոր իմաստությունը եւ քաղաքական այդ դժվար ճանապարհը, որ բոլորս անցել ենք համատեղ, հնարավորություն կտա ամփոփել ժողովրդի հաղթարշավը դեպի ազատ ու մրցունակ պետության հաստատում:

Մեր ողջ համոզմունքով եւ գործունեությամբ փաստում ենք մեր նվիրվածությունը եւ հետեւողական պայքարը հանուն ազատության,  արդարության եւ ժողովրդավարության հաստատմանը մեր երկրում»: