Կիպրոսի նոր նախագահ է դարձել Նիկոս Անաստասիադիսը: Ստանալով երեք աջ ուժերի աջակցությունը` նա երկրորդ փուլում ավելի քան 57,48% ձայն է հավաքել:

Ձախ թեկնածու Ստավրոս Մալասը 42,5% է ստացել: Ընտրողների մասնակցության մակարդակն ավելի ցածր է եղել, քան առաջին փուլում: Ձայնի իրավունք ունեցող 545 հազար քաղաքացիների ավելի քան 18%-ը չեն գնացել  քվեարկության: Նախորդ կիրակի` փետրվարի 17-ին, այդ ցուցանիշը 16,86% էր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անաստասիադիսը ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի հետ Կիպրոսին վարկեր տրամադրելու վերաբերյալ շուտափույթ պայմանավորվածության հասնելու կողմնակից է:

Նա պատրաստ է բարեփոխումների ու ծախսերի կրճատման, ինչը վարկատուների պահանջն է, գրում է vesti FM-ը: Երկրին արտաքին օգնության ծավալը կարող է համեմատվել կղզու 18 միլիարդանոց   ՀՆԱ-ի հետ:

Երդմնակալությունը նշանակված է փետրվարի 28-ին: Անաստասիադիսի ձեւավորած կառավարությունը լիազորությունները կստանձնի մարտի 1-ին: