Իսրայելում պաղեստինցի կալանավորի մահը փետրվարի 24-ին Հորդանան գետի արեւմտյան ափին նոր խռովություններ  է հրահրել, որոնց հետեւանքով 20-ից ավելի մարդ է տուժել: Իսրայելի բանտերում հազարավոր պաղեստինցիներ հրաժարվել են սննդից:

Լարվածության էպիկենտրոն է դարձել նախօրեին Իսրայելի բանտում կալանքից մեկ շաբաթ հետո մահացած 30-ամյա Արաֆաթ Ջարադաթի հարազատ քաղաք Հեբրոնի շրջակայքը: Իրավիճակը կարող է էլ ավելի սրվել Ջարադաթի մարմինը հարազատներին հանձնելու ժամանակ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

ԱիՖ»-ի տվյալով՝ պաղեստինյան եւ իսրայելյան իշխանությունները տարբեր տվյալներ են հայտնում դիահերձման արդյունքների մասին: Արաֆաթ Ջարադաթի մարմնի վնասվածքները Պաղեստինի իշխանությունները կտտանքների հետեւանք են համարում:

Իր հերթին Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ դիահերձումը մահվան պատճառները չի պարզել, իսկ մարմնի վրայի հետքերը կարող են վերականգնողական միջոցառումների հետեւանք լինել:

Արաֆաթ Ջարադաթը ձերբակալվել էր խռովությունների կազմակերպման մեղադրանքով. Նա այրվող խառնուրդով շշեր եւ քարեր էր նետել իսրայելյան մեքենաների վրա: