Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամ է սկսվել: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` ցավալի է, որ խորհրդարանի մեծ օրակարգում ներառված չէ երկրի ներքին վիճակին վերաբերող հարցը:

«Ստացվում է, որ խորհրդարանի խոսնակը, ով ժամանակին խոսում էր խորհրդարանի դերի բարձրացման մասին, հիմա այնպիսի օրակարգ է ներկայացրել, ըստ որոնց խորհրդարանականները պետք է զբաղվեն հարցերով, որոնք ոչ մի առնչություն չունեն երկրում առկա իրողությունների հետ»,-ասել է Փաշինյանը:

Նա առաջարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին հրավիրել խորհրդարան` քննարկելու երկրում ստեղծված ճգնաժամային վիճակը: «Դա հնարավորություն կլինի, որ ԿԸՀ-ն չհաստատի այդ ամոթալի արդյունքները: Այդ արդյունքները (ընտրությունների-խմբ) շատ պայթյունավտանգ են, քանի որ չեն արտահայտում ժողովրդի իրական տրամադրությունները»,-ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:

Իր հերթին, Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ինքը չի ձեւավորում խորհրդարանի նիստերի օրակարգը, դա անում են գլխադասային հանձնաժողովները: