Հայաստանի հանրապետական կուսակցությունը կողմ է երկրում ստեղծված հետընտրական իրավիճկի քննարկմանը եւ մոտ ժամանակներս կընտրվեն այդ հարցի քննարկման մեխանիզմները: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` անդրադառնալով ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությանը:
Հարցին, թե ի՞նչ կարող են տալ այդ քննարկումները, եթե այդ հարցում ՀՀԿ-ի դիրքորոշումն անբեկանելի է եւ կուսակցության անդամները պնդում են, որ ընտրությունների արդյունքում նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակայնը պատասխանեց, որ ԱԺ-ն իրավասու չէ քննարկել նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները:
«Մենք մտադիր ենք քննարկել հետընտրական գործընթացները, անհնար է չքննարկել այդ թեման եւ դա պետք է կազմակերպել շատ արագ: Մենք պետք է ելք գտնենք ստեղծված իրավիճակից: Մի քանի օր մենք կմտածենք քննարկման ձեւաչափի մասին, սակայն կարեւոր է, որ բոլոր կողմերը քննարկում անցկացնելու պատրաստակամություն հայտնեն»,-ընդգծել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Սահակյանը նաեւ նշել է, որ երկրի համար շատ կարեւոր է ուժեղ համախմբված ընդդիմություն ունենալը:




























