Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 25-ին կայացած նիստում, մերժել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դիմումը: NEWS.am-ի թղթակիցը ԿԸՀ-ից հաղորդում է, որ վերջինս դիմել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար: Ըստ դիմումատուի` թեկնածուն չէր պահպանել նախընտրական քարոզարչության կազմակերպման կարգը:
Դիմումում նշված է, որ Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն իրականացնելու համար 1600 ընտրական շտաբ է բացել, դրանց տարածքները վարձակալել եւ 1600 քարոզչական պաստառ է փակցրել Սերժ Սարգսյան անվամբ եւ կարգախոսով: Նշված տարածքների վարձակալության եւ այդ քարոզչական պաստառների ծախսերը ներառված չեն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից ԿԸՀ-ում ներկայացրած հայտարարագրում: Ավելին` այդ տարածքների վարձակալությունը եւ քարոզչական պաստառների ծախսերը գերազանցում է օրենքով թույլատրելի 100 միլիոն դրամը, ուստի Արմեն Մարտիրոսյանը խնդրել է Տիգրան Մուկուչյանին`դիմել դատարան նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչելու պահանջով:
«Ժառանգության» ներկայացուցիչը նաեւ ներկայացրել է տեսասկավառակ, նկարներ, որոնք ապացուցում են դիմումում ներկայացված փաստերը: Արմեն Մարտիրոսյանի հետ հարցուպատասխանից հետո, ԿԸՀ-ն, բնականաբար, 7 դեմ եւ ոչ մի կողմ ձայներով մերժեց դիմումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս առթիվ ասել է, որ թեկնածուի անունով եւ կարգախոսով պաստառը քարոզչանյութ չէ, եւ այս հիմքով Արմեն Մարտիրոսյանի դիմումը մերժվել է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























