Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը, Երեւանի պետական համալսարանը եւ Հայաստանի Գրողների միությունը կկազմակերպեն երկօրյա գիտաժողով` նվիրված արդի հայ արձակի հիմնախնդիրներին:

Ինչպես տեղեկացնում են Համազգայինի գրասենյակից, գիտաժողովը համակողմանիորեն, գրականագիտական արդիական չափանիշներով կարժեւորի ժամանակակից հայ արձակը, կանդրադառնա նրա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին:

Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ, բանասերներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:

Ապրիլի 5-ին ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա գիտաժողովի բացումը եւ զեկույցների ներկայացումը, իսկ ապրիլի 6-ին աշխատանքները կշարունակվեն Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը, ուր նախատեսվում են կլոր սեղան-քննարկումներ եւ բանավեճեր:

Զեկուցումների հայտերը եւ թեզիսներն ընդունվում են մինչեւ 2013 թ մարտի 25-ը: