Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին երկրորդ տեղ էր կանխատեսել դեռեւս մեկ ամիս առաջ, եւ թեպետ հետընտրական գործընթացները նրա մտածածի պես չեն ընթանում, Եղիազարյանը չի հավատում Րաֆֆի Հովհաննիսյանին: Եղիազարյանի խոսքով՝ ինքը կարծում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ, եւ «մեկ քայլ առաջ» գնահատմամբ ընտրությունները կավարտվեն:

Խոսելով այն մասին, թե ինչու ինքը չի հավատում Ր. Հովհաննիսյանին, Գ. Եղիազարյանը այսօր՝ փետրվարի 25-ին նշել է, որ թեկնածուներից ոչ ոք իրականում չգիտի, թե քանի ձայն է հավաքել ընտրություններում: «Անկասկած, նա շատ ձայներ է ստացել, այդ թվում՝ մեր հանձնաժողովների աշխատանքի շնորհիվ, որոնք պաշտպանեցին նրա ձայները: Բայց դրանք գործող նախագահի դեմ ուղղված ձայներ էին», - ասել է նա:

Եղիազարյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ օրս սպառնալիք չէր ներկայացնում իշխանությունների համար: Իսկ այսօր նա խնդիր է դարձել միայն հրապարակում հավաքվող եւ երկրում իրավիճակն իսկապես փոխելու տրամադրված երիտասարդության շնորհիվ:

Սակայն, ըստ նրա, առանց իրական առաջնորդի եւ իրական ծրագրերի անհնար է հասնել որեւէ բանի: Եղիազարյանն անձամբ Հովհաննիսյանին առաջնորդ չի համարում, սակայն չի բացառում, որ առաջնորդ կարող է ծնվել նրան շրջապատող երիտասարդությունից: Եղիազարյանը չի հասկանում` ինչի է ձգտում Հովհաննիսյանը, ինչու է մարդկանց հավաքում հրապարակում եւ ուր է մտադիր տանել նրանց:   «Արդեն մեկ շաբաթ է նա ելույթ է ունենում, սակայն ոչինչ չի ասել», - հայտնել է Եղիազարյանը, նշելով, որ, բնականաբար, ոչ ոք  լուրջ չի կարող սպասել, որ Սերժ Սարգսյանը կգա հրապարակ եւ կհանձնի իշխանությունը: 

Տվյալ պահին Եղիազարյանը դժվարությամբ է պատկերացնում Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու հնարավորությունը,  չնայած լիովին չի բացառում այն, եթե նա սկսի իրական պահանջներ արտահայտել` նոր ընտրությունների պահանջ:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am