Էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը փետրվարի 25-ին դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել տուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Սեդրակյանը: Նա նշեց, որ դեռ 3 ամիս պետք է մնա բժիշկների հսկողության տակ: «Բուժումը շարունակվում է, բայց ոչ հիվանդանոցային պայմաններում: Դուրս գրվելուց առաջ եւս մեկ ստուգում եմ անցել: Արդյունքների մասին կհայտնեն, բայց առաջին օրվա համար բավականին լավ եմ»,- ասաց Վարդան Սեդրակյանը:
Իսկ ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Պարույր Հայրիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո եւ դեռ հայտնի չէ, թե երբ դուրս կգրվի: Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ նրա վիճակը հանգիստ է, շարունակում է ֆիզիոթերապֆտիկ բուժումները: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով` Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այսօր կայցելի Պարույր Հայրիկյանին, մտադիր են կոնսիլիում անել, քննարկել նրա առողջական վիճակը: Չի բացառվում, որ Պարույր Հայրիկյանը տեղափոխվի Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն եւ այնտեղ անցնի ապաքինման կուրսը:Հարցին, թե ԱԻՄ-ը միացել է Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ փետրվարի 24-ին Ազատության հրապարակում մենք նկատել էինք նրա համակիրներ` ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանին եւ Վրեժ Զատիկյանին, Հայրիկյանը պատասխանեց, որ ԱԻՄ-ը որեւէ որոշում չի ընդունել: Եթե առողջական վիճակը թույլ տար, Պարույր Հայրիկյանը կգտնվեր Ազատության հրապարակում, թե ոչ, չհաջողվեց պարզել: «Կարող է լինեի, կարող է` չլինեի»,- նշեց նա:
30 օր հացադուլ արած նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը լավ է: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերականգնվում է, դեռեւս համալիր հետազոտություն անցնելու անհրաժեշտություն բժիշկները չեն տեսնում:




























