Սահմանադրական դատարան դիմելու հարցը քննարկվելու է առաջաիկա օրերին, թեեւ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմ է ՍԴ դիմելուն: Այդ մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ԿԸՀ պաշտոնական տվյալներով` նախագահական ընտրություններին ստացել է ձայների 36,75 տոկոսը:
Հովհաննիսյանի խոսքով, ըստ օրենքի մինչեւ մարտի 2-ը հնարավորություն կա ՍԴ դիմելու եւ բողոքարկելու նախագահական ընտրությունների արդյունքները. «Մենք կքննարկենք այդ հարցը եւ որոշում կկայացնենք: Սրանք կեղծված ընտրություններ են, եւ բոլոր կեղծարարները պետք է պատժվեն: Բացառվում է, որ ես ընդունեմ կեղծված ընտրությունների արդյունքները»:
Հովհաննիսյանը նաեւ նկատել է, թե վաղվանից իր թիմի հետ մեկնելու է մարզեր, որտեղ քաղաքացիներին երախտագիտություն կհայտնի աջակցության համար: Իսկ շաբաթը կամփոփվի մարտի 2-ի արտոնված հանրահավաքով:
Հովհաննիսյանն ասել է, որ թե երկու ամիս առաջ հավատաց Հայաստանի ժողովրդին, իսկ ժողովուրդը հավատաց իրեն, եւ տեղի ունեցողը համապետական պայքար է:
«Մեր ժողովուրդն ապացուցեց, որ կամազուրկ չէ, ինչպես իրեն կարծում են իշխանությունները: Ժողովուրդը փետրվարի 18-ին հայտարարեց, որ Հայաստանն իր պետությունն է, եւ ինքը լիիրավ տերն է երկրի»,- ասել է Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























