Ընտրություններից հետո ում էլ որ ազատեն աշխատանքից, մի վախեցեք, նրանք անտեր չեն մնա, մոտ ապագայում դուք կտեսնեք, որ ովքեր հրաժարական են տվել, նոր պաշտոններ կստանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն` արձագանքելով Շիրակի մարզպետի, Արմավիրի քաղաքապետի հրաժարականներին եւ հավանական, այլ հրաժարականներին: Նրա խոսքով` մարզպետների եւ քաղաքապետների հրաժարականները բացարձակապես ընտրությունների հետ կապ չունեն:

«Ավելի ճիշտ կոնկրետ Սերժ Սարգսյանի օգտին հավաքած թվերի հետ կապ չունեն: Հիմա իշխանություններին պետք էր 50 տոկոսից բարձր հավաքել, իրենք այդ թիվն ունեն: Եթե 65 էլ լիներ, 75 էլ լիներ, կադրային փոփոխություններ լինելու էին: Պետք չէ ասել, որ այստեղ պարտվեց, այնտեղ պարտվեց, դա առիթ է: Իսկ ում էլ, որ ազատում են աշխատանքից, մի վախեցեք, փողոց դուրս չեն գա, անտեր չեն մնա: Մոտ ապագայում դուք տեսեք, որ ովքեր հրաժարական են տվել, կհայտնվեն մեկ ուրիշ  պաշտոններում»,- ասաց Վարդեն Սեդրակյանը:

Հարցին, թե Հայրիկյանի մահափորձի գործով նորություններ ունի՞, թե` ոչ, նա պատասխանեց. «Էդ ինչ գործ ա: Ինձ հետ կապված, որեւէ բան է առաջացե՞լ: Ես այդ գործի մասին արդեն մոռացել էի: Որ դուք էլ մոռանաք, շատ ավելի լավ կլինի»: