ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ` Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Մենք ուզում ենք շնորհավորել Հայաստանի նախագահ Սարգսյանին, ով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հռչակվեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների հաղթող»,- հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը` փետրվարի 25-ին Վաշինգթոնում կայացած ավանդական ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով, Վաշինգթոնը համագործակցելու է Հայաստանի հետ ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների անցկացման ուղղությամբ, որոնք կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության եւ կայունության համար:

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը ստացել էր 861 հազար 373 ձակն կամ 58,64%, իսկ «Ժառանգության» առաջնոդ Րաֆֆի Հովհաննիսյանը` 539 հազար 693 ձայն, կամ 36,75%-ը: