Քաղաքականությունը կենդանի գործընթաց է, իսկ հրաժարականները բնական են այս համատեքստում: Այդ մասին այսօր` փետրվարի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչի հետ են կապված քաղաքապետերի եւ նահանգապետերի հրաժարականները:

«Հրաժարականները նորմալ են: Եւ վերջիվերջո,  մեկ ամիս անց բոլորը հրաժարական կտան, եւ դա բնական գործընթաց է: Ամեն ինչ պետք է քաղաքական  էվոլյուցիայի ուղիով ընթանա: Իշխանությունում պետք է լինեն հրաժարականներ եւ պաշտոնյաների փոփոխություն»,- նշել է Շարմազանովը:

Նա նաեւ հայտնել է, որ ոչ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդում, ոչ գործադիր մարմնում չի քննարկվել զբաղեցրած պաշտոններից մարզպետերի եւ նախարարների աշխատանքից հեռացնելու հարցը: «Նախագահի երդման արարողությունից հետո կառավարությունը հրաժարական կտա»:

Ի պատասխան  հարցին, թե պետք է սպասել արդյոք այն քաղաքապետերի եւ մարզպետերի հրաժարականներին, որտեղ պետության գործող նախագահը մեծ քանակությամբ ձայներ է ստացել, փոխխոսնակը նշել է. «Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, սակայն չեմ կարծում, որ որեւէ մեկը պետք է օրենքով  չնախատեսված լիազորություն ստանձնի  եւ հայտարարի, թե այս կամ այն պաշտոնյան պետք է հրաժարական տա»:

Շարմազանովը հստակ չի պատասխանել նաեւ երդմնակալությունից հետո խորհրդարանի ղեկավարության փոփոխության վերաբերյալ հարցին: