Արդեն երրորդ օրն է, ինչ նախագահական ընտրությունների արդյունքներից իրենց դժգոհությունն արտահայտող մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիաներ են անցկացնում համալսարանների մոտ եւ ուսանողներին կոչ անում դասադուլ անել: Այսօր եւս երիտասարդները պաստառներով եւ «Հեռացում», «Միացում», «Դասադուլ», «Բարեւ» բացականչություններով հավաքվել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց: Ինչպես երեկ, այսօր եւս, վիճաբանություն է եղել ակցիայի մասնակիցների եւ ԵՊՀ ռեկտորի օգնականի, աշխատակազմի ղեկավարի միջեւ:
Նրանք ակտիվիստներից պահանջել են ազատել տարածքը եւ չխանգարել դասապրոցեսին: ԵՊՀ-ի մոտից ակցիայի մասնակիցները գնացել են մյուս համալսարաններ` Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարան, ԵՊՀ Աբովյան փողոցի վրա գտնվող մասնաշենք, Ագրարային համալսարան եւ այլն:
Ագրարային համալսարանում եւս միջադեպ է գրանցվել, ակցիայի մասնակիցներին այդ բուհի մի քանի ուսանողներ եւ դասախոսներ դիմավորել են «Հեռացում» կոչերով: Այդ համալսարանում դասադուլի կոչերին հակառակ ակցիա անողներից մեկը հարվածել է «Հայկական ժամանակ» թերթի լրագրողներից մեկին` Տաթեւ Խաչատրյանին:
«Դասադուլի» կոչեր անողների հաջորդ կանգառը մյուս համալսարաններն են, մասնավորապես` Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը: Համալսարանների մոտ կազմակերպած բողոքի ակցիաները հսկում են բազմաթիվ ոստիկաններ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























